«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Ռեալ աշխատանք, ռեալ արդյունք. սա է Օրբելիների կոդը»

«Ռեալ աշխատանք, ռեալ արդյունք. սա է Օրբելիների կոդը»
18.01.2013 | 13:30

«Իրատես de facto»-ի հյուրն է Ծաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանի հիմնադիր-տնօրեն, ներկայում նույն թանգարանի ավագ գիտաշխատող ԳԵՐԱՍԻՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:


-Պարոն Մկրտչյան, Օրբելի եղբայրների թանգարանը բացվել է 1982-ին: Կարճ ժամանակ անց փլուզվեց ԽՍՀՄ-ը, փակվեցին շատ գիտական, մշակութային հիմնարկներ նույնիսկ մայրաքաղաքում: Ինչպե՞ս գոյատևեց այդ ընթացքում Ծաղկաձորում` մայրաքաղաքից կտրված մի տարածքում, մշակութային այս օազիսը:
-Նախ և առաջ պետք է ունենալ սկզբունք` զբաղվելու ոչ թե քաղաքականությամբ, ոչ թե տրվելու պատեհապաշտությանը, այլ նվիրվելու քո գործին: Հասարակարգերն այնքան էլ կարևոր չեն այս դեպքում: Ճիշտ է, մենք փոխում էինք մեր քաղաքական դրվածքը, կային դժվարություններ բոլորիս կյանքում, բայց Օրբելիներն իրենց էությամբ օրինակ էին մեզ համար: Չէ՞ որ նրանք էլ ապրել և գործել են երկու հասարակարգերի փոփոխության փուլում, այդ հասարակարգերի պարտադրած պայմաններն զգացել էին սեփական մաշկի վրա և հաղթահարել: Նրանց սկզբունքը հետևյալն էր. եթե նպատակն ազնիվ է, եթե դու հավատում ես քո նպատակին, ուրեմն ցանկացած պայմաններում էլ կհասնես դրա իրագործմանը: Նրանք էլ ցարական շրջանից անցում էին կատարել սոցիալիստական իրականություն, և մենք Օրբելի եղբայրների կենսագրությունն ուսումնասիրելու այս երեսուն տարիներին այդպես էլ չհասկացանք, թե ինչպիսին է եղել նրանց վերաբերմունքը սոցիալիստական կարգերին: Նույնքան անհասկանալի է նաև նրանց վերաբերմունքը կապիտալիզմի նկատմամբ, որովհետև, ինչպես վկայում են կենսագրական փաստերը, նրանք բուրժուական հասարակարգով էլ առանձնապես հիացած չեն եղել և մոլի ջատագովը չեն եղել այդ կարգերի: Այսինքն` նրանք հասարակարգ հասկացությունից դուրս են եղել, ծառայել են գիտությանը, հասարակությանը, ազգին, հավատարիմ են մնացել իրենց գլխավոր նպատակին: Ցանկացած մարդ, որ իր առջև այդ երեք խնդիրն է դնում կամ գոնե երեքից մեկը, ինքնըստինքյան վեր է կանգնում քաղաքականությունից, և եթե անգամ քաղաքականությունն ինչ-ինչ կերպ խանգարում է, մարդը, այնուամենայնիվ, իր նպատակին հասնում է: Այդպես է եղել նաև մեր դեպքում, Օրբելի եղբայրների թանգարանի դեպքում: Մեր ժողովրդի կյանքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընկած ժամանակաշրջանը ես համարում եմ ողբերգական ու հերոսական ժամանակաշրջան: Եվ այդ շրջանում մեր խնդիրն էր պահպանել, զարգացնել, հարստացնել թանգարանը, մատչելի դարձնել հասարակությանը: Սովորականի նման ապրում էինք մեր պետության, մեր ժողովրդի կյանքով ու անում մեր գործը:
-Օրբելիները գիտության երեք տարբեր ոլորտ են ներկայացնում, և երեքն էլ շատ կարկառուն դեմքեր են եղել իրենց ոլորտում. ստորջրյա հնագետ Ռուբեն Օրբելի, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր Լևոն Օրբելի, արևելագետ, պատմաբան Հովսեփ Օրբելի: Սա ենթադրում է, որ թանգարանում ներկայացված նյութը բազմաբովանդակ է ու պահանջում է մասնագիտական գրագետ մոտեցում: Ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը, Ձեր թանգարանի աշխատակիցներին ինչպե՞ս եք ընտրում:
-Նախ թանգարանի տնօրենը պիտի բավարար չափով խորամուխ լինի ներկայացվող նյութի մեջ, հասկանա, թե ինչ ունի թանգարանում և ինչպես պիտի դա ներկայացնի: Դա կյանքի գործ է: Ներկայումս թանգարանի տնօրինությունը ստանձնել է կինս` Մարինե Բունիաթյանը: Եվ եթե սկզբում դա միայն իմ կյանքի գործն էր, ապա այժմ երկուսինս է: Մեզ համար դժվար չէր խորամուխ լինել այդ նյութի մեջ: Ճիշտ է` ֆիզիոլոգիան, ստորջրյա հնագիտությունը կամ Հովսեփ Օրբելու լայնածավալ բնագավառը մեզ այնքան էլ հասու չէին` որպես գիտություն, բայց մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ մասնակցելու ֆիզիոլոգիայի բնագավառում կորիֆեյներ համարվող անձանց` Եվգենի Կրեպսի, Ալեքսեյ Վոյնո-Յասինեցկու, Լև Լեյբսոնի, Արտաշես Քարամյանի մասնագիտական բանավեճերին, և տեսել ենք, որ նրանք էլ շա՜տ-շատ հարցերում ունեն տարակարծություններ, որ նրանց համար էլ կան անհասկանալի, անբացատրելի կետեր` կապված իրենց մասնագիտական մոտեցումների հետ: Մենք դրանից կարծես ինքնավստահություն էինք ձեռք բերում, հասկանում, որ ինքներս էլ ինչ-որ տեղ կարող ենք սխալվել կամ ունենալ ոչ բավարար պատասխաններ այս կամ հարցին: Մեր աշխատանքում կարևորը գիտության որևէ ոլորտի բացարձակ իմացությունը չէ, այլ գիտնականի կերպարը, նրա բարոյական նկարագիրը, Օրբելիների ստեղծած մշակույթը (որը պակաս արժեքավոր չէ նրանց գիտական նվաճումներից) հասու դարձնելը հասարակությանը: Ինչքան մարդասեր է գիտնականը, մանկավարժը, այնքան ավելի շատ աշակերտներ, հետևորդներ ունի, հետևաբար նրա գործն այնքան ավելի մեծ հեռանկարներ ունի զարգանալու, բարձունքների հասնելու: Այն ամենը, ինչ տեսնում եք թանգարանում, մենք բերել ենք Սանկտ Պետերբուրգից, դրանք մեզ են տրամադրել Օրբելիների բարեկամները, ծանոթները, աշակերտները: Բացի այս ցուցանմուշներից, նրանք մեզ նաև շատ կենդանի հիշողություններ են փոխանցել, որոնց մասին ոչ մի տեղ չես կարդա: Դա ևս նպաստում է, որ մեր էքսկուրսիաները դառնան հետաքրքիր, որ մեր այցելուների համար ավելի վառ ու տպավորիչ լինեն Օրբելիների կերպարները: Օրինակ` «Օրբելի-Գենեցինսկու ֆենոմեն» հասկացությունը, որի մասին գրվել ու գրվում է շատ, մեզ համար հետաքրքիր է ոչ թե իր գիտական բովանդակությամբ, այլ իբրև երևույթ. ակադեմիկոս Լևոն Օրբելին իր աշակերտի` Գենեցինսկու հետ կատարել է մի բացառիկ հայտնագործություն, որն ստացել է «Օրբելի-Գենեցինսկու ֆենոմեն» անվանումը: Նշանավոր ակադեմիկոսը և ուսանողական նստարանին նստած մեկը համատեղ աշխատանք են կատարում, և այդ ուսանողը համաշխարհային ճանաչում է ստանում: Այս մշակույթը, աշակերտի հետ հարաբերվելու, համագործակցելու այս վարքագիծն է մեզ համար դառնում կարևոր, բնութագրական երևույթ: Ֆենոմենի գիտական բովանդակությունը մեր ուսումնասիրության ոլորտը չէ:
-Օրբելիների գիտական հայտնագործությունները, որպես կանոն, սենսացիոն հնչողություն են ունեցել. Բուգ գետում սկյութական նավակի հայտնաբերում, Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերի վերծանում և Հայաստանի հետ կապի բացահայտում, Անիում իրականացված բացառիկ պեղումներ և այլն: Ֆանտաստիկայի և ճշգրիտ գիտության խաչաձևումների ծիրում է կարծես ընթացել նրանց գործունեությունը:
-Երեք եղբայրներն էլ գիտությունը համարում էին մի ոլորտ, որը պիտի ծառայի ժողովրդին, ազգին: Իրենք էլ, գտնվելով գիտության ոլորտում, մտածում էին, որ պետք է մի կարևոր բան անել ժողովրդի համար, ոչ թե պարզապես զբաղվել գիտությամբ: Նրանք պրակտիկ գիտնականներ էին: Հովսեփ Օրբելին իրեն յոթերորդ երկնքում է զգացել, երբ կազմակերպել է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանը: Լինելով տաղանդավոր կազմակերպիչ` նա ոչ թե այդ գործի մեջ որևէ գրական երկի, բանասիրական երևույթի հոբելյան էր տեսնում, այլ իր` մեր ժողովրդին ոգեշնչելու, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու կարևոր քաղաքական մի ձեռնարկ: Ամերիկացիները նոր-նոր են սկսել ուսումնասիրել էվոլյուցիոն ֆիզիոլոգիան, մինչդեռ Լևոն Օրբելու նվաճումներն այդ բնագավառում անգնահատելի են թե՛ նախապատերազմական, թե՛ հետպատերազմական շրջանում: Մեր ազգի մասին հայտնի ասույթներից մեկը հիշեմ` ծով չունենք, ծովակալ ունենք: Ռուբեն Օրբելին այս բնութագրին շատ հարիր կերպար էր: Չունեինք ծով, բայց նա առաջ քաշեց համաշխարհային մշակույթի համար կարևոր մի հիմնախնդիր. հարկավոր է ուսումնասիրել ծովերի, լճերի, գետերի հատակը, հանել այնտեղից մշակութային արժեքները, համադրել դրանք եղածների հետ և առավել ամբողջական ցույց տալ համաշխարհային մշակույթը: Սա էր նրա սկզբունքը: Ոչ թե ինչ-որ էքսպեդիցիա կազմակերպել, փող ունենալ, վարձատրվել, այլ կատարել ռեալ աշխատանք ու ստանալ ռեալ արդյունք. սա է Օրբելիների կոդը, ֆենոմենը:

-Այդ կոդը, թերևս, հայրն էր ներդրել որդիների մեջ` հորդորելով զբաղվել գիտությամբ` ի փառս մեր ազգի: Իսկ նրանց զավակների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այդ կոդի կրողներն են, թե՞, ինչպես լինում է շատ հաճախ, այս դեպքում ևս բնությունը հանգստանում է:
-Իհարկե, մեծ է եղել հոր դերը, բայց շատ ավելի մեծ էր մոր դերը որդիների դաստիարակության, կայացման գործում: Նա եղել է նախաձեռնող, իշխանատենչ կին, սիրող մայր, Արղության-Երկայնաբազուկ իշխանական տոհմի շառավիղ: Իր ամբողջ կյանքը նվիրել է զավակների դաստիարակությանը: Ես հաճախ եմ խոսում Օրբելիների և այսօրվա գիտության առնչությունների մասին: Մենք այսօր ունենք Օրբելիների` գիտության մեջ ներդրած մշակույթի պակասը: Նրանք բերեցին ռուսական գիտության ավանդույթները, դրան միախառնեցին ազգայինը և ամբողջը ծառայեցրին մեր ժողովրդին: Այսօր գիտնականներն անվերջ խոսում են փողի բացակայությունից: Իսկ ի՞նչ եք կարծում, երբ 1938-ին Հովսեփ Օրբելին ստանձնեց ակադեմիայի ղեկը, փող շա՞տ կար: Բայց նա հիմնեց ակադեմիա և Հայաստանում սկզբնավորեց հիմնարար գիտությունները` ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան: Հետագայում տեսանք, թե դա ինչպես զարգացրեց մեր հանրապետությունը: Փող կա՞ր, որ արվեց դա: Ո՛չ: Պարզապես պետք է ճիշտ ռազմավարություն մշակել, ճիշտ քաղաքականություն վարել: Մի բան, որ կարողանում էին անել Օրբելիները, և դրանում էր նրանց մեծությունը: Իսկ ինչ վերաբերում է ժառանգներին, ապա այս դեպքում, իսկապես, բնությունը հանգստանում է: Թեև ժառանգների մեջ եղել են գիտնականներ, բայց նրանց մեծությունը չես համեմատի երեք եղբայրների հետ: Բայց վերջերս մեզ տեղեկություններ են հասել, որ Հովսեփ Օրբելին ունի ծոռ` Դմիտրի Օրբելին: Դա երեքից մնացած միակ արու ժառանգն է, տասնյոթ տարեկան է և արդեն պապի` Հովսեփ Օրբելու ուղին է շարունակում:
-Լինելով իշխանական տոհմի շառավիղ, ազգային ինքնության հետևողական կրողներ` Օրբելիները կարողացան զերծ մնալ ստալինյան հալածանքների ծանր մամլիչից: Ինչպե՞ս դա հնարավոր եղավ:
-Խնդիրը, իհարկե, պատմաբանները պիտի ուսումնասիրեն, նրանք պիտի բացատրեն այդ ժամանակաշրջանի ֆենոմենը: Բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը. բոլոր հասարակարգերում էլ արժանապատվությունը գնահատվում է: Մարդը որքան էլ հոգու խորքում հրեշ, դահիճ լինի, ինչպիսին Ստալինն էր, միևնույն է, հարգանքով է վերաբերվում արժանապատվություն ունեցող մարդուն: Բացի այդ, բոլորը քաջ գիտակցում էին, որ Օրբելիները մեծ գիտնականներ են և անում են մի աշխատանք, որը ծառայում է ժողովրդին: ՈՒ արժանապատիվ կեցվածքի շնորհիվ է, որ նրանք ազատվեցին ստալինյան մսաղացից: Օրբելին Ստալինին գրած մի նամակով փրկեց Էրմիտաժը: Նրա հանդուգն, կոպիտ կեցվածքը անվտանգության աշխատակիցների նկատմամբ ևս շատ գնահատելի է, մի բան, որ այսօրվա գիտնականներին, ցավոք, պակասում է: Նրանք ոչ միայն իրենք են մնացել անձեռնմխելի, այլև փրկել են այլ հալածյալների, չեն վախեցել բարեխոսելուց հանիրավի դատապարտված գիտնականների համար: Լևոն Օրբելու միջնորդությամբ պատերազմի ժամանակ գերված ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցին ազատել են գերությունից, և 1973-ին նա դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր: Այս որակները չէին կարող չհարգվել:
-Բացի այցելուների հետ տարվող ամենօրյա աշխատանքից, ի՞նչ գործունեություն է ծավալում թանգարանը, ի՞նչ ծրագրեր, միջոցառումներ է իրականացնում:
-Որոշակի մարքեթինգային աշխատանքներ են տարվում, որոնք աստիճանաբար խորացվում և ավելի հասցեական են դառնում: Աշխատում ենք գիտական բնագավառի ներկայացուցիչների, հովեկների, ուսանողների, աշակերտների, թոշակառուների, անգամ մանկապարտեզի սաների հետ: Գիտությունների ակադեմիայի հիմնադրման 70-ամյակն է այս տարի. պատրաստվում ենք նրանց հետ աշխատանքներ իրականացնելու: Բայց մի ցավոտ հարց կա, որի մասին պիտի խոսեմ: Այսօր մեր գիտական աշխարհը, գիտությունների ազգային ակադեմիան Օրբելիների թողած գիտական ժառանգությունը, մշակույթը յուրացնելու խնդիր ունեն դեռևս: Գիտնականի բարոյական կոդեքսը Օրբելիների օրինակով կարելի է մշակել ու դասավանդել մեր գիտնականներին: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՛ւ մինչև հիմա Հովսեփ Օրբելու կիսանդրին դրված չէ ակադեմիայի առջև, երբ այն կա, և մշակույթի նախարարությունը, Օրբելի եղբայրների թանգարանը պատրաստ են նվիրելու Արտաշես Հովսեփյանի արած այդ քանդակը: Ինչո՞ւ այսօր որևէ ակադեմիական հիմնարկ չի կոչվում նրա անունով: Սրանք խնդիրներ են, որ պիտի անհանգստացնեն պատկան օղակներին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ